Վիճակագրություն
Ընդամենը օնլայն: 1 Հյուրեր: 1 օգտագործողներ: 0
|
Գլխավոր » 2010 » Հունվար » 23 » <<ՆՈՐ ԱՅՆԹԱՊ ԱՒԱՆԻ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒՄԸ>> Դոկտ. Գեւորք Խրլոբեան
12:19 PM <<ՆՈՐ ԱՅՆԹԱՊ ԱՒԱՆԻ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒՄԸ>> Դոկտ. Գեւորք Խրլոբեան |
Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների խորացման, հայրենադարձութեան ընթացքի
ծաւալման, հայ պահանջատիրութեան գիտակցութեան ուժեղացման զուգահեռ եւ
Ցեղասպանութեան 50-ամեակից յետոյ Խորհրդային Հայաստանում արմատաւորուեց
պատմական Հայաստանի ու Հայկական Կիլիկիայի բնակավայրերի անուններով
բնակավայրեր հիմնադրելու սովորութիւնը: Ինչպէս համանման այլ հարցերում,
այս դէպքում եւս լռելեայն ու ծածկուած ձեւով միաձուլւում են երկու
միտումներ՝ մի կողմից Սփիւռքից նիւթական միջոցներ եւ
գաղափարական-քաղաքական լծակներ ձեռք բերելու պաշտօնական բոլշեւիկեան
ցանկութիւնը եւ, միւս կողմից, հայրենասէր հայութեան ակնկալութիւնները
(չմոռանալ բռնագրաւուած բնօրրանը, վառ պահել պահանջատիրական
գիտակցութիւնը, հայրենասիրական ոգով դաստիարակել նոր սերունդը, շեշտել
Ցեղասպանութեան իրողութիւնը եւ կենդանի պահել հայ ազատագրական պայքարի
ոգին):
Այսպիսով, ժամանակի ընթացքում Խորհրդային Հայաստանում կեանք
առան Նոր Արաբկիր, Նոր Արմաւիր, Նոր Այնթապ, Նոր Բալու, Նոր Գեղի, Նոր
Երզնկա, Զէյթուն, Նոր Թոմարզա, Նոր Խարբերդ, Նոր Կեսարիա, Կիլիկիա, Նոր
Հաճըն, Նոր Մալաթիա, Մարաշ, Մուսա Լեռ, Նոր Սեբաստիա եւ այլ բնակավայրեր:
Հայաստանաբնակ
այնթապցի որոշ մտաւորականների եւ Սփիւռքի Այնթապի հայրենակցական
միութիւնների ղեկավարների հանդիպումներից ծնւում է Երեւանում Այնթապի
հայրենակցական միութիւն ստեղծելու գաղափարը: Այդ մասին Սփիւռքահայութեան
հետ մշակութային կապի կոմիտէին նախ հաղորդեցին սփիւռքահայերը, ապա՝
հայրենաբնակները: Պարզուեց, որ Այնթապի մասին կոմիտէի ղեկավարութեան
տեղեկութիւնները այնքան էլ հարուստ ու հաւաստի չեն: Անհրաժեշտ եղաւ
յաղթահարել որոշ անհատների տուած ապակողմնորոշիչ տեղեկութիւնները այն
մասին, որ Այնթապի հերոսամարտի զինուորական ղեկավար Ատուր Լեւոնեանը
անգլիական հետախուզութեան սպայ է, որ այնթապցիները մեծամասամբ դուրս են
«Հայաստանեան ճակատից»: Շատ շուտով համատեղ աշխատանքի ընթացքում
վերազարթնեց Այնթապի հերոսամարտի միասնութեան եւ հայրենասիրութեան ոգին:
Սփիւռքահայ այնթապցիները, անկախ իրենց դաւանական ու կուսակցական
պատկանելիութիւնից, իրենց բարոյական ու նիւթական լուման ներդրին Նոր
Այնթապի ստեղծման ու այդ աւանում գործարանի կառուցման գործում: Շուտով
Հայաստանի պատմական թանգարանում իր տեղը գրաւեցին Այնթապի հերոսամարտի
ղեկավար Ատուր Լեւոնեանի սուրը, մետալներն ու այլ իրերը:
Անհրաժեշտ
եղաւ նաեւ պայքարել այն տեսակէտի դէմ, որ Խորհրդային Հայաստանում
անթոյլատրելիօրէն շատանում են Թուրքիայում գտնուող հայաբնակ բնակավայրերի
վերանուանումներն ու այդ վայրերի բնակիչների ազատագրական պայքարի ու այդ
պայքարում հերոսաբար զոհուածների յուշարձանները:
Գտնուեցին նաեւ
անհատներ, որոնք պնդեցին, թէ սփիւռքահայ նոր սերունդին չի հրապուրի արդի
Թուրքիայում գտնուող եւ անցեալում եղած հայաշատ քաղաքների պատմութիւնը,
անցեալով ապրելու միտումը: Կեանքը հերքեց նման հարցադրումը: Ուրիշներ
գտան, որ աւելի ճիշդ կը լինի «կորսուած» ամէն մի հայ բնակավայրի անունը
Հայաստանում վերակենդանացնելու եւ այնտեղ փոքր գործարաններ կառուցելու
փոխարէն, միջոցները միացնել ու հայրենիքում մեծ ձեռնարկութիւններ
հաստատել: Նրանք հայրենակցական միութիւնների մօտեցումը նկատեցին որպէս
միջոցների անիմաստ փոշիացում եւ խոտոր համընդհանուր, համազգային,
համահայկական մտածողութեան ու ծրագրերի ծաւալման:
Նման արգելակներ
յաղթահարել են նաեւ միւս հայրենակցական միութիւնները, որոնք ձգտել են
իրենց բնօրրանի անունը յաւերժացնել հայրենիքում ու այնտեղ կառուցել
յուշակոթողներ:
Վարչութեան անդրանիկ նիստը տեղի ունեցաւ
Տոլպակեանների տանը: Այնտեղ որոշուեց նախ հայցել Ամենայն Հայոց կաթողիկոս
Վազգէն Ա.ի օրհնութիւնը: Վեհափառ հայրը ոչ միայն ընդառաջեց, այլ նաեւ
ներկայ գտնուեց Հայաստանի ԱՀՄ գրեթէ բոլոր հաւաքներին: Նորին սուրբ
օծութեան հետ էր լինում նաեւ Լուսինէ Զաքարեանը, որը ոգեշնչում էր
ներկաներին իր երգերով:
Այնթապցիական այդ
հաւաքները կազմակերպւում էին Այնթապի հերոսամարտի տարելիցներին, Հայաստան
ժամանած արտերկրի այնթապցի մտաւորականներին ու ականաւոր գործիչներին
պատուելու համար: Մեծ շուքով նշուեցին Թազագիւղ աւանի Նոր Այնթապ
անուանակոչութիւնը, Նոր Այնթապի գործարանի բացումը, վաստակաշատ մանկավարժ
եւ հասարակական գործիչ Գրիգոր Պողարեանի յոբելեանը, սուրիական բանակի
պաշտօնաթող զօրավար, իրաւաբանական գիտութիւնների տոքթոր Արամ
Գարամանուկեանի յարգանքի երեկոն, Տիգրան Միւրեքեանի հրաւէրով
հայ-արժանթինեան բարեկամութիւնը ամրապնդելու համար Երեւանում գտնուող
միջազգային աստղ արժանթինցի երգչուհի Լոլիթա Թորեզին նուիրուած ձեռնարկը:
Երկրորդ,
որոշուեց հաւաքական ուժերով կազմել հայաստանաբնակ այնթապցիների ցուցակը:
Դրանով նրանք հրաւիրւում էին ընդհանուր ձեռնարկներին ու հաւաքներին:
Օրակարգի երրորդ կէտը վերաբերում էր սփիւռքաբնակ այնթապցիների ու նրանց
կազմակերպութիւնների հետ յարաբերութիւնների սերտացման հարցերին:
Յանձնաժողովի բոլոր անդամները տեղեկատու նամակներ ու յօդուածներ
ուղարկեցին Սփիւռքի իրենց ազգականներին ու բարեկամներին: Այդ ասպարէզում
գերազանց աշխատանք կատարեցին Եղիա Տոլպակեանն ու Ենովք Կրպոյեանը: Շուտով
սփիւռքահայ մամուլում սկսեցին երեւալ վարչութեան աշխատանքներին ու
հայաստանաբնակ այնթապցիներին նուիրուած յօդուածներ: Մեծացաւ Հայաստան այցի
եկող սփիւռքահայ այնթապցիների թիւը: Յաճախ ժողովներին իրենց գործօն
մասնակցութիւնն էին բերում նաեւ Երեւան այցելող արտերկրի այնթապցիներ:
60-ական թուականների վերջում հասունացել էր
Հայաստանում Նոր Այնթապ անունով բնակավայր անուանակոչելու հարցը: Խնդրանքը
ներկայացուեց Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի
ղեկավարութեան: Վերջինս հասկացողութեամբ մօտեցաւ խնդրանքին: Բայց կոմիտէի
նախագահի տեղակալ Անդրէյ Մարտիրոսեանը նկատել տուեց, որ նման հարցի
լուծումը ենթադրում է այդ բնակավայրում նշանակալից արտադրական կարողութեան
հաստատութիւն կառուցելու պարտաւորութեան ստանձնումը: Մեր սփիւռքահայ
եղբայրները, առանց տատանումի, դրականօրէն արձագանգեցին ու անմիջապէս
լծուեցին գործի: Շուտով հաւաքեցին աւելի մեծ գումար, քան ակնկալւում էր:
Նոր Այնթապով ոգեւորուած արտերկրի որոշ այնթապցիներ պատրաստակամութիւն
յայտնեցին գործարաններ կառուցել հայրենիքում կամ առեւտրական գործարքներ
սկսել: Պելճիքահայ Մելանքթոն Ասլանեանը առաջարկեց տասը միլիոն տոլար
արժողութեամբ ադամանդի գործարան հիմնել Հայաստանում, իր հաշուին
արտասահմանում վարպետներ պատրաստել ու մշակուած ադամանդը միջազգային
արժէքով գնել Հայաստանից: Երուանդ Լոշխաճեանը առաջարկեց Հայաստանից գնել
այն, ինչ նա դժուարանում է վաճառել եւ Հայաստանին ծախել այն, ինչ նա
դժուարանում է գնել արտասահմանում:
Աշխարհասփիւռ այնթապցիների
գիտակցութեան մէջ բոցաւորուող հայրենասիրական ոգին վառ պահելու եւ
գործարանի համար ծաւալուող դրամահաւաքը խթանելու համար որոշուեց շուտով,
1970-ի աշնանը կատարել Նոր Այնթապի անուանակոչումը:
Որոշուեց Նոր
Այնթապ մկրտել Երեւանի արուարձանում եւ Նոր Խարբերդի հարեւանութեան
գտնուող Թազագիւղ աւանը, որը հիմնադրուել էր 1862-ին Իրանի Ուրմիա գաւառից
գաղթած մի խումբ հայերի կողմից: Սոյն ընտրութիւնը հիմնաւորուեց հետեւեալ
փաստարկներով. առաջին՝ աւանը Երեւանի մօտ է եւ զբօսաշրջիկները հեշտութեամբ
կարող են այն այցելել, երկրորդ՝ աւանի բնակչութիւնը մշակում է հին Այնթապը
յիշեցնող գիւղատնտեսական ապրանքներ, երրորդ՝ աւանը ջրառատ է ու բերքատու
հող ունի, չորրորդ՝ Հայաստանում շատ կան Թազագիւղ կոչուող այլ
բնակավայրեր: Անհրաժեշտ է դրանք նուազեցնել, հինգերորդ՝ աւանի անուանումը
հայկական չէ եւ ուշ կամ կանուխ այն պէտք է փոխուի: Անուանափոխութեան
ժամանակ աւանն ունէր 5600 բնակիչ, միջնակարգ դպրոց, մշակոյթի տուն եւ
բուժարան:
Սփիւռքի Այնթապի հայրենակցական միութիւնները որոշում են
Սեպտեմբերի սկիզբներին ուխտագնացութեան գալ հայրենիք եւ մասնակցել Նոր
Այնթապի անուանակոչութեան արարողութեան: Համալսարանի դասերը նոր էին
սկսել: Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի նախագահ Վարդգէս
Համազասպեանը շտապ ինձ կանչեց եւ ասաց. «Սփիւռքի հայերը արդէն սկսել են
ժամանել, բայց մենք դեռ չունենք Թազագիւղը Այնթապ վերանուանուելու
կառավարական հրամանը: Խնդրում եմ քեզ, մէկ եւ կէս էջի վրայ, գրիր Նոր
Այնթապ անունով աւան հաստատելու անհրաժեշտութիւնը հիմնաւորող մի գրութիւն:
Երկու օրից տեղեկանքը իմ մօտ պէտք է լինի, որպէսզի այն փոխանցեմ Գերագոյն
Սովետի նախագահ Նագուշ Յարութիւնեանին»: Առաջին անգամը չէր, որ
Համազասպեանը նման վիճակ էր ստեղծում: Դա կառավարական շրջանակների վրայ
ճնշում բանեցնելու փորձուած հնարք էր:
Եթէ յիշողութիւնս ինձ չի դաւաճանում, տեղեկանքում ես կանգ առայ հետեւեալ կէտերի վրայ.
Ա.- այնթապցիների հիմնական մասը գաղթել են Անիից ու Մուշից.
Բ.-
Այնթապը աչքի է ընկել իր կրթական հաստատութիւններով եւ
ուսումնատենչութեամբ։ Հիմա կարող եմ աւելացնել, որ 1915-ի մարտի համարում
«Նէյշընըլ ճէոկրաֆիք մակազին»ը ծաւալուն յօդուած է տպագրել Այնթապի քոլեճի
փրոֆեսէօրներից Պեզճեանի մասին.
Գ.- Այնթապի արհեստաւորները աչքի
են ընկել իրենց բացառիկ վարպետութեամբ: Այդ պատճառով օսմանեան
կառավարութիւնը կանգնեցրել է այնթապցի արհեստաւորների աքսորը, որպէսզի
չխաթարուի երկրի պաշտպանողունակութիւնը.
Դ.- Այնթապցիներին բնորոշ
է միասնութեան գիտակցութիւնը, ազգային յարաբերութիւններում նուրբ
դիւանագիտական մօտեցումը: Այս իրեն դրսեւորել է Այնթապի հերոսական
ինքնապաշտպանութեան ընթացքում.
Ե.- Այնթապը այն քաղաքներից է, որը մեծ յաղթանակով է աւարտել իր հերոսամարտը.
Զ.-
Մեծ եղեռնի ընթացքում այնթապցիները համեմատաբար աւելի քիչ զոհեր տուին:
Համեմատաբար այժմ աւելի մեծ թուով այնթապցիներ կան Սփիւռքում: Նրանց թւում
շատ են ականաւոր առեւտրականներ, գործարանատէրեր, գիտնականներ,
մտաւորականներ, զինուորականներ ու քաղաքական գործիչներ:
1970-ի
սեպտեմբերի 10-ին հրապարակուեց ՀՍՍՀ Գերագոյն Սովետի հրամանագիրը, որով
Մասիսի շրջանի Թազագիւղը վերանուանւում է Նոր Այնթապ:
Աւանի անուանակոչութեան կապակցութեամբ տեղի
ունեցած տօնակատարութեան ժամանակ արձանագրուեց յուզիչ, ուրախալի եւ
անսպասելի մի դէպք: Սփիւռքահայ այնթապցիներից մէկը պատահմամբ աւանի
մանչերից մէկին հարցրեց. «Ո՞ր տեղացի ես»։ Նա քաջաբար պատասխանեց. «Ես
այնթապցի եմ»: Շատերի աչքերին ուրախութեան արցունքներ երեւացին:
Ներկաներից մէկը աւելացրեց. «Մի օրում աշխարհի այնթապցիների թիւը վեց
հազարով աւելացաւ շնորհիւ մեր պետականութեան»: Հոգեկան բաւարարութիւն
ստանալու մտադրութեամբ «հիւրերը» յաճախակի էին հարցնում «տեղացիներին»
«Ո՞ր տեղացի ես»: Եւ վերջիններս պատասխանում էին «Այնթապցի»: Որպէս այդ
զգացումի ու գիտակցութեան ապացոյց՝ աւանի դպրոցի ուսուցիչներն ու
աշակերտները ստեղծեցին Այնթապի պատմութեան նուիրուած լաւագոյն
ցուցասրահներից մէկը:
Այնթապցիները անսահման նուիրումով ու
ջանասիրութեամբ սկսեցին աւանում կառուցուելիք վարագոյրի ու ժանեակի
գործարանի դրամահաւաքին, այն պայմանաւորուածութեամբ, որ գործարանի շէնքի
կառուցումը ստանձնելու է Հայաստանի կառավարութիւնը եւ գործարանը
աւարտելուց յետոյ դրա 10 առ հարիւրը պատկանելու է կառավարութեան, իսկ
մնացած 90 առ հարիւրը Նոր Այնթապ գիւղին: Բայց դժբախտաբար առ այն ոչ մի
պայմանագիր կամ համաձայնագիր չստորագրուեց կողմերի միջեւ: Այդ օրերին
հայրենասիրութիւնը նման գործարք չէր թոյլատրում: Սփիւռքահայ
հայրենասիրութիւնը ենթադրում էր միակողմանի զոհաբերութիւն՝ ի փոխան
հայրենանուիրումից ստացած հոգեկան մեծ բաւարարուածութեան ու ներշնչանքի:
Արտերկրի
այնթապցիների համագաղութային մարմնի (Գ. Պագըրճեանի (Ֆրանսա), Ա.
Չագրճեանի (Եգիպտոս), Ն. Նազարեանի եւ Կ. Սիւլահեանի (Միացեալ Նահանգներ),
Ե. Դեմիրճեանի, Յ. Գասարճեանի, Կ. Թիւթիւնճեանի, Բ. Մարգարեանի, Գ.
Պչաքճեանի, Պ. Չորպաճեանի, Օ. Համալեանի, Ե. Ապաճեանի, Ա. Յարութիւնեանի,
Գ. Պողարեանի, Ե. Ժապայեանի, Լ. Պաղտատեանի, Պ. Պիւլպիւլեանի, Յ.
Խեմերճեանի (Լիբանան) եւ դրամահաւաքի յանձնաժողովի (Ե. Դեմիրճեան, Գ.
Պչաքճեան, Ա. Յարութիւնեան, Կ. Թիւթիւնճեան, Բ. Մարգարեան, Ե. Ապաճեան, Պ.
Թոպանեան, Օ. Համալեան) կազմակերպուած ու նպատակասլաց աշխատանքի շնորհիւ
շուտով հաւաքուեց աւելի քան 250 հազար տոլար (100 հազարը՝ Միջին ու
Մերձաւոր Արեւելքից, 65 հազարը՝ Հիւսիսային Ամերիկայից, 50 հազարը՝
Հարաւային Ամերիկայից, 40 հազարը՝ Եւրոպայից): Խիստ յուզիչ ու տպաւորիչ է
այն փաստը, որ վարագոյր եւ ժանեակ արտադրող Քարլ Մայեր գործարանի
ղեկավարութիւնը իմանալով այնթապցիների մտադրութեան ազնուական ու վեհ խորքը
որոշում է շուրջ 100 հազար գերմանական մարք զեղչ տալ: Իսկ իրանահայ Արթիւր
Շիշմամեանը, որը Գերմանիայում ունէր առեւտրական գործակալութիւն, ձրիաբար
կատարեց որոշ միջնորդական գործառնութիւններ: Այսպիսով, նուիրատուութիւնը
ստացաւ միջազգային բնոյթ: Դժբախտաբար Հայաստանի կառավարութիւնը վերջին
պահին հրաժարուեց գերմանացի բանուորներին սարքաւորումները տեղադրելու եւ
հաստոցների փորձառական շրջանում Հայաստանում պահելու ծախսերը հոգալու
խոստումից:
Աւանի անուանակոչման երկրորդ տարեդարձին, 1972-ի
սեպտեմբերի առաջին կէսին, գործարանի հիմնարկէքի առթիւ, Լիբանանից Հայաստան
ժամանեցին Պէյրութի այնթապցիների մի մեծ պատուիրակութիւն: Արարողութիւնը
տեղի ունեցաւ կիրակի, սեպտեմբեր 10-ի երեկոյեան ժամը վեցին: Այդ առթիւ
Յովհաննէս Շիրազ գրեց. «Նոր Այնթապը դէպի Մասիս... Այս է երազն
երազներիս»: Հիմքի առաջին քարը դրեց Երուանդ Պապայեանը: Դժբախտաբար դեռ
գործարանի տեղը չէր որոշուել եւ կառոյցը հետագայում բարձրացաւ բոլորովին
այլ վայրում:
Գործարանի չորս յարկանի շէնքերը սկսեցին բարձրանալ
հաստոցների առաքումից ամիսներ յետոյ: Երկար ժամանակ դրանք մնացին արեւի,
քամու, անձրեւի ու ձիւնի տակ:
1975 թուականի սեպտեմբերի 21-ին Նոր
Այնթապ էին ժամանել աշխարհասփիւռ այնթապցիներ՝ մեծ խանդավառութեամբ
տօնելու աւանի վարագոյրի եւ ժանեակի գործարանի հանդիսաւոր բացումը: Այն
սկսեց իր բեղմնաւոր արտադրական գործունէութիւնը՝ աշխարհով մէկ ուղարկելով
իր գործուածքները: Այնքան ներկայանալի էր Նոր Այնթապի գործարանը, որ այն
օտար եւ հայ այցելուներին ցոյց էր տրւում որպէս տիպար հաստատութիւն:
Հայրենիքում
Նոր Այնթապ կառուցելու աշխարհասփիւռ այնթապցիների երազանքի գործադրութիւնը
թերի կը մնար առանց 1920-ի Այնթապի յաղթական ինքնապաշտպանութեան կոթող
բարձրացնելու: Ազգային ազատագրական այդ պայքարի մէջ խտացուած էր այնթապցու
հայրենասիրութեան, միասնականութեան, հնարամտութեան եւ վճռականութեան ոգին:
Նրանք այդ հերոսամարտով հպարտանում էին նաեւ այն պատճառով, որ այնտեղ
պարտութեան էին մատնել ինչպէս թուրք բանակի միաւորներին, այնպէս էլ
ժողովրդին: Նրանց այդ իղձն էլ իրականացաւ: Քանդակագործներ հայր եւ որդի
Խաչիկ եւ Աշոտ Ադամեանների նախագծով 1983-ին կառուցուեց տասը մեթր
բարձրութեամբ տպաւորիչ յուշակոթողը: Այն հարուստ է նաեւ հարթաքանդակներով
ու զարդաքանդակներով: Յուշակոթողին Սիլվա Կապուտիկեանը ձօնեց մի
հայրենաշունչ բանաստեղծութիւն, որտեղ ի մասնաւորի ասւում է.
Այնթապի փառք յուշարձան, Սրբազան փառք յուշարձան, Դու՝ հրագոյն, հրաբոց Սրտի կրակ, յուշարձան. Դու պատմում ես ամէնքին, Թէ ո՛նց ապրեց մեր ոգին, Ծունկի չեկաւ, չբեկուեց, Ոսոխի դէմ ծառացաւ, Խոցուեց, բայց չմահացաւ, Թէ ո՛նց աւեր ու մոխրից, Ելաւ, յառնեց նա նորից:
Դոկտ. Գեւորք Խրլոբեան
|
Կատեգորիա: Այնթապի գյուղի մասին հրատարակումներ |
Կարդացել են: 1344 |
Ավելացրել է: miqoaper
| Ռեյտինգ: 0.0/0 |
ընդհանուր հաղորդագրություններ: 0 | |
|
|
|
Միայն գրանցված օգտագործողները կարող են թողնել հաղորդագրություն. [ Գրանցում | Մուտք ]
|
Օրացույց
« Հունվար 2010 » | Երկ | Երեք | Չոր | Հին | Ուրբ | Շաբ | Կիր | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|